Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում են Հարավային Կովկասում Թուրքիայի խաղաքարտերը:
1. Վրաստանի ինքնիշխան կեցվածքը: Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը թույլ տվեց զտել վրացական քաղաքական դաշտը՝ բացառելով կամ գոնե մինիմիզացնելով առաջիկա ընտրություններում թե՛ արևմտյան, թե՛ թուրքական լոբբիստական ցանցերի ազդեցությունը: Նշեմ, որ օրենքի ընդունումը հատկապես ծանր են տանում թուրքական ազդեցության խմբերը, որոնք Նամահվանի ՀԷԿ-ի նախագծի ձախողումից հետո հստակ հասկանում են, որ Վրաստանում հակաթուրքական տրամադրությունների գերիշխումն ընդամենը ժամանակի հարց է:
2. Արաբական աշխարհի պրագմատիզմը: Վերջինս հատկապես դրսևորվում է Իրանի հետ հարաբարությունների հաստատման տեսքով՝ ի հեճուկս արևմտյան ուժային կենտրոնների, որոնց դուրսմղման գործընթացը Մերձավոր Արևելքից այլևս մեկնարկել է: Չմոռանանք, որ դրան զուգահեռ Ծոցի երկրներում շարունակաբար աճում է Չինաստանի ազդեցությունը, որի շնորհիվ և հաստատվեցին Իրան-Սաուդյան Արաբիա դիվանագիտական հարաբերությունները: Առաջիկայում սպասվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում նաև Իրանի ու Բահրեյնի միջև, ինչի մասին արդեն հայտարարել է վերջինիս խորհրդարանի փոխնախագահը: Հատկանշական է, որ երկուսն էլ՝ թե՛ Սաուդյան Արաբիան, թե՛ Բահրեյնը ավանդաբար գտնվել են ԱՄՆ-ի տարածաշրջանային սաթելիտների կարգավիճակում: Իրանի ու Ծոցի երկրների միջև երկխոսության հաստատումը նաև լրջագույն հարված է Անկարայի մերձվորարևելյան շահերին:
3. Հայաստանում ընթացող Սրբազան պայքարը: Այն ցույց տվեց ու շարունակում է ցույց տալ արտաքին աշխարհին ու հատկապես Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետության շահառուներին, որ Հայաստանը չի հարմարվելու միջազգային հարաբերությունների օբյեկտի կարգավիճակին, որ հայ ժողովուրդը մերժում է վիլայեթիզացման որևէ հեռանկար: Որքան էլ ՔՊ քարոզչական մեքենան չէր փորձում հակառակն ապացուցել թե՛ մեզ, թե՛ արտաքին աշխարհին, այդ պրոպագանդիստական ծրագիրը մտել է փակուղի, ավելին՝ սկսել է նահանջել:
Վահե Դավթյան
Ք.գ.դ., պրոֆեսոր